
Հայաստանում պտղաբերության մակարդակը վերջին 30 տարվա ընթացքում հասել է առավելագույն ցուցանիշին
Հայաստանում 2023 թվականին մեկ կնոջ հաշվով ծնված երեխաների միջին թիվը կազմել է 1.9։ Այս ցուցանիշը 1994 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը՝ ընդգծելով, որ սա պտղաբերության գործակցի աճ է, ոչ թե ծնունդների ընդհանուր թվի։
Ըստ փոխնախարարի՝ ծնունդների ընդհանուր թվի նվազումը պայմանավորված է պոտենցիալ ծնողների թվի կրճատմամբ և մայրանալու տարիքի բարձրացմամբ։ Նախարարի խոսով՝ մեր բնակչության սեռատարիքային կառուցվածքն այնպիսին է, որ մայրանալու տարիք ունեցող կանանց թիվը նվազում է, սակայն մեկ կնոջ հաշվով երեխաների թիվն աճում է։
Նա նաև տեղեկացրեց, որ սահմանամերձ բնակավայրերում, որտեղ իրականացվում է դպրոցների կամ մանկապարտեզների կառուցում, հիպոթեքային աջակցության չափը 2023 թվականից ավելացվել է 50%-ով։ Այս հնարավորությունից արդեն օգտվել է 11 ընտանիք։
2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին երկրում ծնվել է 30 916 երեխա, ինչը 2 346-ով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Սակայն հարկ է նշել, որ ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2024 թվականին Հայաստանում ծնելիության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է 7,8%-ով։ 2024 թվականի 11 ամիսներին մեր երկրում ծնվել է 30 916 երեխա, մինչդեռ 2023 թվականի նույն ժամանակահատվածում գրեթե 2,5 հազարով ավելի շատ երեխա է լույս աշխարհ եկել։ 9,9%-ով ավելացել են նաև մեռելածնության դեպքերը։ Մեր տարածաշրջանում Հայաստանը ծնելիության մակարդակով միայն գերազանցում է Թուրքիային։ Ադրբեջանը և Վրաստանը ունեն ծնելիության ավելի բարձր մակարդակ, քան Հայաստանը: