ՀայաստանՍոցիալական

Հանրային տրանսպորտի համար չվճարող քաղաքացիներին տուգանելու նախագիծը կքննարկվի Ազգային ժողովում

Երևանում հասարակական տրանսպորտից օգտվող, բայց չվճարող քաղաքացիները շուտով կարող են ենթարկվել տուգանքի։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ համապատասխան օրենսդրական նախագիծը կքննարկվի հուլիսի 1-ին՝ Ազգային ժողովում։ Քաղաքապետը նշել է, որ նախատեսվում է վարչական տույժ սահմանել տրանսպորտից չվճարելու համար՝ նշելով, որ առանց կանոնավոր վճարումների անհնար է զարգացնել տրանսպորտային համակարգը։

Նրա խոսքով՝ արդեն տեխնիկական հնարավորություններ կան՝ վերահսկելու վճարումները։ Նա նշել էր, որ ավտոբուսներում և դռների վրա արդեն ունեն ոչ միայն տեսախցիկներ, այլ նաև համակարգ, որը թույլ է տալիս արձանագրել, թե ով է փորձում վճարում կատարել չգործող քարտով կամ QR-կոդով։

Ավելի վաղ՝ մայիսին «Երևանի ավտոբուս» ընկերությունում ներդրվել է առցանց տեսադիտարկման ծրագիր, որը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին և արձանագրել չվճարող ուղևորներին։