
Լեռնային Ղարաբաղից տեղահանված բոլոր ընտանիքներն արդեն կարող են դիմել բնակարանային աջակցության ծրագրին
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքները, որոնք ցանկանում են օգտվել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, այսուհետ կարող են դիմում ներկայացնել՝ անկախ ընտանիքի կազմից, անչափահաս երեխաների քանակից կամ ծրագրով սահմանված թիրախային խմբին պատկանելու հանգամանքից։
Այս փոփոխությունը նշանակում է, որ Արցախից տեղահանված բոլոր ընտանիքները կկարողանան օգտվել ծրագրից։
Մինչ այս, սահմանված կարգով օգնություն են ստացել 2-րդ փուլի շահառուները (2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները՝ բնակարան կամ տուն ձեռք բերելու դեպքում, կամ 1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները՝ տուն կառուցելու դեպքում)։ 3-րդ փուլի շահառուները, այսինքն՝ այն ընտանիքները, որոնք չեն ընդգրկվել նախորդ փուլերում, կարող են դիմել ոչ ուշ, քան 2026 թվականի հուլիսի 1-ը։
Պետական աջակցությունն իրականացվում է միանվագ ֆինանսական օժանդակության ձևով՝ տուն կամ բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու նպատակով։