
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն կկառուցեն նոր թունել
Դիլիջանի թունելը, որի հիմնանորոգման նախագիծը նախապես ընդգրկված էր պետական ծրագրերում, այժմ փոխարինվելու է նոր թունելի կառուցման նախագծով։ Փոփոխությունը պայմանավորված է 2024 թվականի մայիսի 26-ին Դեբեդ գետի հեղեղման հետևանքով ճանապարհահատվածի վնասվածքով։ Այդ պատճառով Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագիծը չեղյալ է հայտարարվել, և այժմ կառավարությունը ֆինանսները կկենտրոնացնի նոր թունելի կառուցման վրա։
Տրանսպորտի ոլորտի պատասխանատուներն արձանագրել են, որ Դիլիջանի ներկայիս թունելը տեխնիկական ու անվտանգային տեսանկյունից այլևս չի համապատասխանում ժամանակակից պահանջներին։ Թեև ի սկզբանե նախատեսվում էր թունելի հիմնանորոգում, այդ տարբերակը նաև ենթադրում էր Սեմյոնովկայով անցնող հատվածի՝ միջպետական ստանդարտներին համապատասխանեցում, ինչը զգալի ֆինանսական բեռ էր պետական բյուջեի վրա։
Սակայն, ըստ մասնագետների, նման լուծումը կարճաժամկետ էր լինելու։ Քանի որ նոր թունելի շահագործումից հետո տրանսպորտային հիմնական հոսքը միևնույն է անցնելու է հենց թունելով, ոչ թե Սեմյոնովկայի ոլորաններով։
Այս նոր փոփոխությամբ նախատեսվում է սկսել Դիլիջանի և Պուշկինի թունելների նախագծման աշխատանքները։ Երկու թունելներն էլ, ինչպես նշում են պաշտոնյաները, գտնվում են բարվոք վիճակից շատ հեռու, և դրանց արդիականացումը դարձել է հրատապ։
Հիշեցնենք, որ Դիլիջանի գործող թունելի կառուցումը սկսվել է դեռևս 1970-ականներին, իսկ շինարարությունը վերսկսվել է 2000-ականների սկզբին՝ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի աջակցությամբ։ Թունելն այժմ կրճատում է ճանապարհը Սևանից Դիլիջան՝ շրջանցելով լեռնային ոլորանները, սակայն վերջին տարիներին այն հայտնվել է լուրջ տեխնիկական խնդիրների առաջ։