ՀայաստանՍոցիալական

Թղթային QR ուղետոմսերը դուրս են գալիս շրջանառությունից

Օգոստոսի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտում այլևս չեն գործի թղթային տարբերակով QR կոդերով ուղևորատոմսերը։ Քաղաքային իշխանությունները նշում են, որ QR կոդերը հաճախ չեն ընթեռնվում սարքերի կողմից, ինչը դանդաղեցնում է տրանսպորտի հոսքը և անհարմարություն է ստեղծում ուղևորների համար։ Փոխարենը առաջարկվում է օգտվել տրանսպորտային քարտերից, անհպում բանկային քարտերից (բացառությամբ ՎՏԲ բանկի) կամ բջջային հավելվածից։ Բայց այստեղ սկսվում են նոր հարցեր։

Նախ, բոլոր ուղևորները հեռախոս չունեն, կամ չունեն բավարար տեխնիկական հմտություններ հավելվածով վճարում կատարելու համար։ Բացի այդ, քարտերի ձեռքբերման հնարավորությունները սահմանափակ են՝ հասանելի միայն որոշակի կետերում և սահմանափակ ժամերի ընթացքում։

Տրանսպորտային քարտերի համալրման ընթացակարգը նույնպես հեշտ չէ բոլորի համար։ Հասանելի տարբերակները՝ transport.yerevan.am կայքը կամ Telcell տերմինալները, պահանջում են ինտերնետի հասանելիություն, համապատասխան հեռախոսներ և այլն ինչը տարեցների կամ հեռախոսին չտիրապետող քաղաքացիների համար կարող է լուրջ խոչընդոտ դառնալ։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հուլիսի 1-ին առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծ, որով հանրային տրանսպորտում ուղեվարձը չվճարելու համար սահմանվում է տուգանք։