
Կառավարությունը վարկ է վերցնում Սյունիքի զարգացման համար
Կառավարությունը հուլիսի 10-ի նիստում հավանություն տվեց «Հայաստան — Դիմակայուն Սյունիք» ծրագրի ֆինանսական համաձայնագրի ստորագրման առաջարկին։ 50 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային բանկի կողմից։
Կառավարությունը պարտավորվում է համաֆինանսավորել նաև հարկերը, տուրքերը, ծրագրերի իրականացման հետ կապված մյուս գործառնական ծախսերը, որը նախատեսված չէ վարկային միջոցներից ֆինանսավորել:
Ինչպես նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ծրագրի շրջանակում կբարելավվեն Սյունիքի մարզի 55 բնակավայրի ջրամատակարարման համակարգերը, ինչպես նաև կիրականացվեն կրթական և առողջապահական ենթակառուցվածքային ծրագրեր։ Ավելի վաղ Amnews-ը բազմիցս անրադարձել էր Սյունիքի մարզի չլուծվող ջրային խնդիրներին։
Ըստ նախարարի՝ ծրագրի 25 միլիոն եվրոն ուղղվելու է ջրամատակարարման համակարգերի զարգացմանը, իսկ մյուս 25 միլիոն եվրոն՝ հանրային շենքերի, պոլիկլինիկաների, ամբուլատորիաների, մասնագիտական քոլեջների արդիականացմանն ու բժշկական սարքավորումների ձեռքբերմանը։
ԿԳՄՍ նախարարը հավելեց՝ ծրագրի շրջանակում Սիսիանում և Կապանում գործող քոլեջների ամբողջական վերակազմավորում է նախատեսվում, այդ թվում՝ բովանդակության և կրթական ծրագրերի, որպեսզի դրանք ապահովեն նաև կարևոր կադրերի պատրաստում:
Ծրագիրը կիրականացնի Տարածքային զարգացման հիմնադրամը։ Ֆինանսական համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո նախատեսվում է 5 տարվա ընթացքում իրականացնել ծրագրի բոլոր փուլերը։