ՀայաստանՍոցիալական

Կոտայքում և Գեղարքունիքում ներդրվել է կոշտ թափոնների կառավարման ժամանակակից համակարգ

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում մեկնարկել է ամբողջական ինտեգրված համակարգով կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը։ Այն նախատեսում է աղբահանության եվրոպական չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ, տեխնիկա և համակարգեր։

14,8 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) համատեղ ֆինանսավորմամբ։ Ծրագրի շրջանակում Հրազդանում կառուցվել է ժամանակակից սանիտարական աղբավայր, Մարտունիում և Ակունքում՝ աղբի փոխաբեռնման կայաններ։

Ներդրված համակարգը թույլ է տալիս երկու մարզի բոլոր բնակավայրերում կազմակերպել աղբահանություն՝ հաշվի առնելով տեղանքն ու երթուղիների օպտիմալ բաշխումը։ Աշխատանքների արդյունքում մշակվել են համայնք առ համայնք աղբահանության սխեմաներ և սահմանվել ամենաարդյունավետ երթուղիները։

Համակարգի շահագործման նպատակով ստեղծվել և գրանցվել է նոր համայնքային ընկերություն՝ «Կոտայքի և Գեղարքունիքի Կոշտ Կենցաղային Թափոնների Կառավարում» ՍՊԸ, որը պատասխանատու կլինի աղբահանության ծառայությունների մատուցման և ենթակառուցվածքների արդյունավետ պահպանման համար։

Սեդա Մարտոյան