ՀայաստանՍոցիալական

Բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար նախատեսվում է նոր քրեական պատասխանատվություն

Հայաստանի Ազգային ժողովում ներկայացվել է նոր օրենքի նախագիծ, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար։ 

Նախագիծը նախատեսում է տուգանքներ, հանրային աշխատանքներ կամ ազատազրկում մինչև 2 տարի՝ այն դեպքերում, երբ բուժաշխատողին խանգարում են իր պարտականությունները կատարել։ Եթե խոչընդոտումը ուղեկցվում է բռնության սպառնալիքով, պատիժը կլինի ավելի խիստ։ Տուգանքը կարող է հասնել նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի,(20 հազար դրամի) իսկ ազատազրկումը՝ մինչև երկու տարի։

Այս նախաձեռնության հեղինակներն են ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, ինչպես նաև պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Արեն Մկրտչյանը։

Արսեն Թորոսյանը ընդգծել է, որ բռնության դեպքերի համար արդեն օրենք կա, սակայն կարևոր է ուժեղացնել դրա կիրառումը և հասարակության գիտակցությունը, որպեսզի ընդունվի, որ բուժաշխատողին խոչընդոտելը նույնն է, ինչ օրինակ ոստիկանի կամ փրկարարի նկատմամբ բռնություն գործադրելը։

Հարց է առաջանում՝ արդյոք նման պաշտպանություն նախկինում կար, և որքանով է այս նախաձեռնությունը լրացնում արդեն գործող օրենքները: Արդեն գործող օրենքով բուժաշխատողի նկատմամբ բռնության դեպքերը պատժվում են, սակայն մասնագիտական գործունեությանը խոչընդոտումը՝ առանց բռնության սպառնալիքի, նախկինում հատուկ քրեական պատասխանատվություն չէր նախատեսում:

Այս փոփոխությամբ ոչ միայն բացահայտ բռնության, այլև մասնագիտական աշխատանքին խոչընդոտելու ցանկացած ձև կպատժվի օրենքով։

Սեդա Մարտոյան