
Ճապոնիան կօգնի Հայաստանին թարմացնել օդի մոնիթորինգի համակարգը
Հայաստանում մթնոլորտային օդի որակի վերահսկման համակարգը կթարմացվի Ճապոնիայի աջակցությամբ։ Կառավարությունը հուլիսի 10-ին հավանություն է տվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Ճապոնիայի միջև դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը։
Ըստ նախագծի՝ կվերազինվեն երեք մոնիթորինգային կայան՝ ժամանակակից ճապոնական ավտոմատ սարքավորումներով, ինչը թույլ կտա ստանալ օդի աղտոտվածության տվյալներ իրական ժամանակում։ Մինչ այժմ գործող մեթոդները հնարավորություն չեն տալիս չափել PM10, PM2.5 մասնիկները և CO (ածխածնի մոնօքսիդ), իսկ տվյալների մշակումը տևում է մինչև երեք օր։
Նոր համակարգը կբարձրացնի մոնիթորինգի ճշգրտությունն ու գործնական արդյունավետությունը՝ միաժամանակ հանրությանը առցանց ձևաչափով տեղյակ պահելով թարմացումների մասին։
Ծրագիրն ուղղված է միջազգային չափանիշներին համապատասխան մթնոլորտային վերահսկման ձևավորմանը և բնապահպանական վերահսկողության կարողությունների ուժեղացմանը։