Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան
Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակի և տարանցիկ չվերթների չեղարկումների կամ հետաձգումների ֆոնին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ տարածաշրջանում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններն ու հյուպատոսական հիմնարկները աշխատում են շուրջօրյա արտակարգ ռեժիմով։
Մասնավորապես, Արաբական Միացյալ Էմիրություններում (համատեղության կարգով՝ Բահրեյն, Սաուդյան Արաբիա), Քուվեյթում (համատեղության կարգով՝ Հորդանան), ինչպես նաև Կատարում, Օմանում, Իրաքում, Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները շարունակում են իրականացնել իրենց գործառույթները՝ մշտական կապի մեջ լինելով ինչպես տեղի իշխանությունների, այնպես էլ ՀՀ քաղաքացիների հետ։
ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ պահպանվում է կապ համապատասխան ավիաընկերությունների, այդ թվում՝ FlyDubai, Air Arabia և Qatar Airways-ի հետ՝ օպերատիվ տեղեկատվություն ստանալու, թռիչքներում ՀՀ քաղաքացիների առկայությունը ճշտելու և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ քայլեր ձեռնարկելու նպատակով։ Որոշ դեպքերում ավիաընկերությունները առաջարկում են տոմսերի փոփոխման տարբերակներ։
Նշվում է նաև, որ Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել հոգալ Աբու Դաբիում գտնվող զբոսաշրջիկների հարկադիր երկարաձգված մնալու ծախսերը։
ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը օպերատիվ կապի մեջ է նաև այնտեղ կրթություն ստացող 92 հայ ուսանողների հետ՝ տրամադրելով անհրաժեշտ ցուցումներ և խորհրդատվություն։
Իրանում և Իսրայելում ևս ՀՀ դեսպանությունները շարունակում են իրենց գործունեությունը։ ՀՀ քաղաքացիներից դիմումների մեծ հոսք չի գրանցվել։ Իրանի պարագայում երբեմն արձանագրվում են կապի խնդիրներ, սակայն դեսպանությունը շարունակում է կապ պահպանել նաև այլ երկրների գործընկերների հետ՝ անհրաժեշտության դեպքում ՀՀ տարածքով տարհանման գործընթացին աջակցելու նպատակով։
ԱԳՆ թեժ գիծը փետրվարի 28-ին և մարտի 1-ին (13:30-ի դրությամբ) ստացել է շուրջ չորս տասնյակ զանգ։ Նախարարությունը հերքում է սոցիալական հարթակներում տարածված տեղեկությունները՝ նշելով, որ որևէ զանգ անպատասխան չի մնացել։ Քաղաքացիների հարցերը հիմնականում վերաբերել են չվերթների վերականգնման, Հայաստան վերադառնալու կամ հնարավոր տարհանման տարբերակներին։
Այս պահի դրությամբ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան։

