ՀայաստանՍոցիալական

Կառավարությունը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային աջակցության ծրագրի մանրամասները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ առաջացած հարցերի պատասխանները։

Նախարարության պարզաբանմամբ՝ անկախ հավաստագիրն իրացնելու տարեթվից, դրական մնացորդը կարելի է օգտագործել բնակարանի վերանորոգման համար։ Վերանորոգման նպատակով հնարավոր է օգտագործել մինչև 4 մլն դրամ, որը 6-րդ և հաջորդ յուրաքանչյուր անդամի հաշվով կարող է ավելանալ 800 հազար դրամով, սակայն ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 8 մլն դրամը։

Ծրագրով սահմանված է նաև, որ եթե ընտանիքը մինչև 2025-ի դեկտեմբերի 31-ը ստացել է հավաստագիր, ապա շահառու կհամարվի նաև 2026-ի ընթացքում ծնված երեխան։

Նախարարությունը հաստատում է, որ բնակարանային ապահովման ծրագրից կարող են օգտվել նաև այն քաղաքացիները, ովքեր մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը հիփոթեքային վարկ են ձևակերպել։ Ինչ վերաբերում է այն ընտանիքներին, որոնք ունեն կիսակառույց կամ բնակելի կառուցապատման հողամաս, ապա ծրագրին կարող են մասնակցել, եթե 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով առկա բնակելի անշարժ գույքի մակերեսը չի գերազանցում 12 քմ-ը։

Մերժման դեպքում ընտանիքները կարող են դիմել միջգերատեսչական հանձնաժողով՝ ներկայացնելով դիմում «e-request.am» հարթակի միջոցով կամ նախարարություն՝ առձեռն։ Դիմում-բողոքը անհրաժեշտ է ներկայացնել մերժումից հետո երկամսյա ժամկետում։

Նախարարությունը կոչ է անում շահառուներին հետևել ծրագրի պայմաններին և պաշտոնական հաղորդագրություններին՝ սխալ տեղեկություններից խուսափելու համար։