ՀայաստանՍոցիալական

18-ամյա երիտասարդը կալանավորվել է «ահաբեկչության նախապատրաստման» մեղադրանքով. ի՞նչ է իրականում տեղի ունեցել

18-ամյա Անդրանիկ Չամիչյանը՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության (ՀԵՄ) անդամ, երկու ամսով կալանավորվեց։ Նրան մեղադրում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ, սակայն փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ այդ մեղադրանքը հիմնված չէ իրական ապացույցների վրա։

Անդրանիկ Չամիչյանը ունի առողջական խնդիր, որը նրան ազատել է զինվորական ծառայությունից։ Դատարանը, հաշվի առնելով այդ հանգամանքը, մերժել է քննիչների միջնորդությունը՝ արգելել տեսակցությունները, և թույլատրել է ծնողներին հանդիպել որդուն։ Փաստաբանի խոսքով՝ Չամիչյանի մոտ որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել։ Քննչական մարմինը միայն սթրայքբոլ խաղի պարագաներ է գտել, որոնցից մեկին՝ խաղային նռնակին, Անդրանիկը ձեռքով չի էլ դիպել։ Նշված իրերը նա ժամանակավոր պահել էմ տատիկի տանը՝ նշելով, որ մի քանի օրից հետ կվերցնի։ Սակայն տատիկը, կարծելով, թե դրանք անպետք իրեր են, նետել է դրանք։ Դրանք նկատել են քաղաքացիները ու ահազանգել իրավապահներին։

Նախնական փուլում Անդրանիկին մեղադրանք էր առաջադրվել երկու հոդվածով՝ ահաբեկչության նախապատրաստել և ապօրինի ռազմամթերք պահել։ Սակայն ավելի ուշ վերջինս հանվել է, իսկ ահաբեկչության հոդվածը մնացել։

Նշենք, որ Անդրանիկ Չամիչյանի կալանավորումը տեղի է ունեցել հուլիսի 10-ին իրականացված խուզարկություններից հետո։ Խուզարկվել են նաև Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տները։ Նույն օրը ձերբակալվել է 7 անձ, որոնց թվում են Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, «Եղվարդ» համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանը և ՀՅԴ Երևանի կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ նրանցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ահաբեկչության նախապատրաստություն հոդվածով։