
Վարորդական իրավունքի համար քննության տեսական հարցաշարը կարող է վերանայվել
Երևանի հաշվառման քննական ծառայությունում գործարկվել է հերթագրման հիբրիդ նոր համակարգը՝ թվայինը համադրելով հերթի հետ։ Քաղաքացին գրանցումից հետո ստանում է 4 նիշանոց կոդ, իր սահմանված ժամին ժամանում է մեր հաշվառման քննական ծառայություն, հավաքելով կոդը՝ սպասարկվում է անմիջապես իրեն տրված ժամին համապատասխան, որը արդեն ինքը գիտի նախօրոք։
Նախկինում, երբ քաղաքացին հերթագրվում էր, որոշ ժամանակ անց ծառայության աշխատակիցն էր նրան զանգահարում գործարքի համար ներկայանալու օր ու ժամ ասում։ Համակարգը նոր է։ Հաշվառման-քննական ծառայության աշխատակիցները օգնում են քաղաքացիներին տերմինալով ակտիվացնել կոդն ու սպասարկվել։ Շուտ կամ ուշ սպասարկվելու հնարավորություն համակարգը չի տալիս, աշխատում է գրեթե վայրկյանների ճշգրտությամբ։
Առաջարկվող կարգավորումները նախատեսվում է կիրառել սեպտեմբերի 1-ից։ Դրանցից առաջինը թվային վարորդական վկայականի և հաշվառման վկայագրի ներդրումն է։ Բացի այն, որ անձը ներհայաստանյան երթևեկի ժամանակ ստիպված չի լինի պլաստիկ քարտ իր հետ վերցնել, նաև այն իր մոտ չունենալու համար չի ենթարկվի վարչական պատասխանատվության։
Այս պահին ընթանում են աշխատանքները առուվաճառքի թվային պլատֆորմի ձևավորման համար։ Դրանով 8-ից 10 քայլերի շրջանակում քաղաքացին կարող է իր առուվաճառքը, առուվաճառքից ծագող իրավունքները գրանցել։ Եթե տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը փոխվում է, այն կարող է նաև առաքվել փոստային առաքանիի միջոցով, ինչպես նաև հաշվառման վկայագիրը։
Քննություն հանձնողների թիվը տարեկան մոտ 50,000 է։ Չի բացառվում, որ կվերանայվի վարորդական իրավունքի համար քննության տեսական հարցաշարը։