
Խնձորեսկ գյուղում ջրամբար է կառուցվում
Սյունիքի մարզի սահմանամերձ Խնձորեսկ գյուղում կառուցվում է 800 մ³ ծավալով ջրամբար։ Այն նախատեսված է Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ բնակավայրերի մոտ 400 հա հողատարածքը ոռոգելու համար։ Ջրամբարին ջուր է մատակարարելու Կուրաթ գետը։ Ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի և ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի համագործակցության շրջանակում:
Ջրամբարի շահագործումը հնարավորություն է տալու վերականգնել ավանդական մշակաբույսերի արտադրությունը և ներդնել ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաներ։ Նախատեսվում է նաև, որ ջրամբարը կլուծի ոռոգման ջրի խնդիրը գյուղում։ Այն իր ազդեցությունը կունենա նաև խմելու ջրի հավերժական դարձած խնդրի լուծման համար։
Գորիսի համայնքապետարանից նշեցին, որ Խնձորեսկում խմելու ջրի մի հատվածը սպասարկում է «Վեոլիա ջուր» ընկերությունը, մյուս մասը՝ համայնքապետարանը։ Տարվա որոշ եղանակներին գյուղացիները ջուր են ստանում առավոտյան ժամերին, այն էլ՝ մի քանի ժամով։ Ինչպես նշում է Իրինա Յոլյանը, նման քաղաքականության պատճառը խմելու ջուրը խնայելն է, որովհետև սեզոնին մարդիկ այն օգտագործում են այգիները ոռոգելու համար։
Ընդհանուր առմամբ Խնձորեսկում և՛ խմելու ջրի, և՛ ոռոգման ջրագծերի վերակառուցման հետ կապված բավականին շատ ներդրումներ են իրականացվել: Մենք նաև սուբվենցիոն ծրագրով Խնձորեսկի համար կառուցել ենք ջրահավաք կապտաժներ և Մոտիկ սար կոչվող տարածքից մոտ 3 կմ ջրագիծ բերվել է մինչև Խնձորեսկ։ Ինչպես տեսնում եք, բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որպեսզի խմելու ջուրը ոռոգման նպատակով չօգտագործվի։ Քայլեր են ձեռնարկվում նաև ջրային ռեսուրսների կառավարման տեսանկյունից համայնքը ինքնաբավ դարձնելու համար։
Նախատեսվում է նաև մինչև գյուղ հասնելը նույնպես ջրամբար կառուցել։