ՀայաստանՍոցիալական

Կասկադի հարակից շենքերը կլուսավորվեն, «Վերածնված Հայաստան» հուշարձանի տարածքը կբարեկարգվի

Երևանում Կասկադի հարակից շենքերը կլուսավորվեն, «Վերածնված Հայաստան» հուշարձանի տարածքը կբարեկարգվի, Թամանյան փողոցի 2 հատվածներում արգելափակոցներ կտեղադրվեն, որ ավտոմեքենաների մուտքը որոշ ժամերի սահմանափակվի ու փողոցը դառնա հետիոտնային։ Այս աշխատանքներն իրականացնելու համար Կենտրոն վարչական շրջանում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Կենտրոնի ղեկավարն ու «Ջի Թի Բի Հոլդինգս» ընկերության տնօրենը։

Ծրագիրն իրականացվելու է մասնավորի միջոցներով։ Որոշ աշխատանքներ արդեն արվել են, հուշարձանի վերականգնումը շարունակվում է։ Վերջին շրջանում հուշարձանի վերևի քարերը պոկվում էին և բավականին վտանգային խնդիրներ էին ստեղծում բնակիչների համար։ Շենքերի արտաքին լուսավորումն ու հարթակի բարեկարգումը ենթադրվում է, կտևի 1 մեկուկես ամիս։ Արգելաձողերը դրսից են պատվիրվելու։ 

Հստակ ժամկետ չի նշվում, թե հատկապես որ ժամերին է Թամանյան փողոցը բաց լինելու միայն հետիոտնի համար Ենթադրվում է առավոտյան ժամերից, այսինքն՝ 11–ից մինչև երեկոյան ինչ֊որ մի ժամի փակ կլինի, մնացած ժամերին՝ բաց։

Կենտրոնի ղեկավարը կարծում է՝ դրանք լուսավորելով՝ այդտեղ ապրող մարդկանց համար հավելյալ անհարմարություններ չեն ստեղծվի։ 

Այս հուշագրի շրջանակներում կայանատեղիների մասին հստակեցում չկա։ Այս ծրագիրը կապված չէ Կասկադի տեսքն ամբողջացնելու քաղաքապետարանի ծրագրի հետ։ 

Հիշեցնենք, որ Կասկադի չկառուցապատված տարածքը 11.5 հա մակերեսով նախորդ տարի վերադարձվել էր համայնքին։ Այդ տարածքի կառուցապատմամբ ու բարեկարգմամբ էլ նախատեսվում է համալիրը ավարտուն տեսքի բերել դարձյալ մասնավորի միջոցներով։ Այստեղ կկառուցվեն ժամանակակից արվեստի կենտրոն, համերգասրահ, մշակույթի այլ կենտրոններ, ռեստորաններ։