ՀայաստանՍոցիալական

Լիանա Հարությունյանը և նրա 8 ամսական երեխան վաղը դուրս կգրվեն հիվանդանոցից

3 ամսվա կալանքի դատապարտված Լիանա Հարությունյանն ու նրա 8 ամսական երեխան վաղը դուրս կգրվեն հիվանդանոցից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ նշելով, որ այսօր այցելել է «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» և տեսակցել երեխային։

Նախարարը հայտնել է, որ երեխան լավ է, գտնվում է մոր խնամքի և բժիշկների հսկողության ներքո, իսկ բժիշկների գնահատմամբ՝ դուրսգրումը նախատեսվում է վաղը։

Հուլիսի 15-ին հաղորդվել էր, որ Լիանա Հարությունյանն ու փոքրիկ Ջուլիան տեղափոխվել են քաղաքացիական հիվանդանոց՝ երեխայի առողջական վիճակի վատթարացման պատճառով։

Գալյանը անդրադարձել է նաև «Աբովյան» ՔԿՀ-ում մոր և մանկան համար նախատեսված հատվածին՝ նշելով, որ այն վերանորոգված է, ունի մանկական մահճակալներ, խոհանոց՝ կենցաղային տեխնիկայով, ինչպես նաև տաք և սառը ջուր։ Այդտեղ պատիժ են կրում նաև երկու այլ կանայք՝ մինչև 3 տարեկան երեխաների հետ։

Նախարարը հավելել է, որ ՔԿԾ ղեկավարի հետ քննարկել են կանանց և երեխաների համար արժանապատիվ կենսապայմանների ապահովման հարցը։

Հիշեցնենք՝ հուլիսի 13-ին Զարուհի Փոստանջյանը հայտնել էր, որ խցում պահվող երեխան առողջական խնդիրներ ունի, իսկ պայմանները ոչ համապատասխանում են երեխայի կարիքներին։ ՔԿԾ-ն հերքել էր այս տեղեկությունները։

Նույն օրը հայտնի դարձավ, որ դատարանը 3 ամսով կալանավորել է Լիանա Հարությունյանին՝ անօրինական միգրացիային օժանդակելու մեղադրանքով։ Նախօրեին ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները երաշխավորագիր էին ներկայացրել՝ խափանման միջոցի փոփոխության պահանջով։