ՀայաստանՍոցիալական

Վարդաշենի հանրակացարանների բնակիչները բողոքի ակցիա անցկացրին կառավարության շենքի դիմաց

Երևանի Վարդաշեն թաղամասի 68Ա և 66/1 հասցեներում գտնվող հանրակացարանների բնակիչները հուլիսի 17-ին հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով ուշադրություն դարձնել իրենց բնակելի շենքերի վթարային վիճակի վրա։

Բնակիչների խոսքով՝ շենքերն անբարեկարգ են, վթարային՝ 4-րդ աստիճանի։ Նրանց հայտարարությամբ՝ շինության հիմքերը քայքայված են, պատերին ճաքեր կան, առկա է փլուզման վտանգ։ Տարբեր բնակիչներ նշեցին, որ վերջին օրերին շենքի մերձակայքում իրականացվող տեխնիկական աշխատանքները, մասնավորապես՝ խողովակների անցկացման նպատակով հողի հետ աշխատանքները ուժեղ ցնցումներ են առաջացրել, ինչը միայն ավելացնում է վտանգի աստիճանը։

Ըստ բնակիչների՝ տարածքում բնակվում են 182 ընտանիք, այդ թվում՝ երեխաներ, տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք։ Նրանց խոսքով՝ տարիներ շարունակ ապրելով խոնավության, ջրի ներթափանցման և սանիտարահիգիենիկ խնդիրների պայմաններում, շատերն արդեն ձեռք են բերել առողջական խնդիրներ։

Բնակիչները հիշեցրին, որ դեռ Երևանի քաղաքապետի թեկնածուի կարգավիճակում Տիգրան Ավինյանը այցելել էր հանրակացարան և խոստացել հարցը լուծել՝ բնակիչներին այլ բնակարաններով ապահովելով։ Սակայն, նրանց խոսքով, ընտրվելուց հետո խնդիրը մնացել է անարձագանք։

Բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացիները հայտնեցին, որ պայքարը շարունակելու են մինչև խնդրի վերջնական լուծում։

Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև պատասխանատու պետական գերատեսչությունները, այս պահին հրապարակային մեկնաբանությամբ հանդես չեն եկել։