
Ռոմանոս Պետրոսյանը ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ին որոշում է ստորագրել, որով Ռոմանոս Պետրոսյանը ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։ Ըստ հրապարակված որոշման՝ Պետրոսյանի ազատումը կատարվել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա։
«1. Ռոմանոս Պետրոսյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։
2. Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանին», — նշված է փաստաթղթում։
Ռոմանոս Պետրոսյանը ՊՎԾ ղեկավար էր նշանակվել 2021 թվականի ապրիլի 19-ին։
Այսպիսով, նա պաշտոնավարել է ավելի քան 3 տարի։ Նախքան այդ նա մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել՝ մասնավորապես՝ եղել է Շրջակա միջավայրի նախարար, ինչպես նաև՝ Կոտայքի մարզպետ։
Նշենք նաև, որ մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ Ռոմանոս Պետրոսյանը պատրաստվում է դառնալ ՀԷՑ-ի նոր կառավարիչ։