
Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հուլիսի 18-ի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Այս որոշումն ընդունվել է ՀԾԿՀ նախագահի կողմից՝ «ՀԷՑ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում՝ որպես կանխարգելիչ միջոց։
Ըստ ՀԾԿՀ տարածած հաղորդագրության՝ վարչական վարույթը հարուցվել է ՀՀ կառավարության լիազոր մարմնի հաղորդման հիման վրա։ Թե հատկապես ինչ խախտումների հիմքով է այս վարույթը սկսվել, առայժմ հստակ չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ Ռոմանոս Պետրոսյանը հուլիսի 17-ին պաշտոնապես ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից՝ կառավարության որոշմամբ։