ՀայաստանՍոցիալական

Միքայել Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է։ Գործը մոտ ժամանակում կուղարկվի դատարան։ 

Նա մեղադրվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասով։

Աջապահյանի պաշտպանական թիմի տարածած հայտարարության համաձայն՝ գործը քննող քննիչը ծանուցմամբ տեղեկացրել է, որ վարույթի նյութերի ծանոթացումը կկազմակերպվի հուլիսի 24-ին։ Դրանից հետո մեղադրական եզրակացությունն ու գործի բոլոր նյութերը կփոխանցվեն հսկող դատախազին, որը յոթ օրվա ընթացքում կընդունի որոշում՝ հաստատել կամ մերժել այդ եզրակացությունը։ 

Մեղադրական եզրակացության հաստատման դեպքում քրեական գործը կներկայացվի իրավասու դատարան։ Դատավորն իր հերթին եռօրյա ժամկետում պետք է որոշում կայացնի վարույթն իր ընդունելու և նախնական դատալսումների անցկացումը նշանակելու վերաբերյալ։ Նախնական դատալսումից հետո առաջին դատական նիստը նշանակվելու է առավելագույնը երկու շաբաթվա ընթացքում։

Հիշեցնենք, որ Միքայել Աջապահյանը կալանավորվել է հունիսի 21-ին։ Դատարանի որոշմամբ սահմանափակվել են նաև նրա շփումները։ ՀՀ գլխավոր դատախազության հայտարարության մեջ նշվել էր, որ Աջապահյանի հնչեցրած հայտարարությունները չեն եղել հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ, այլ դիտավորյալ ու գիտակցված գործողություններ, որոնք հիմք են հանդիսացել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։

Սեդա Մարտոյան