ՀայաստանՍոցիալական

Վերաքննիչ դատարանը հետաձգել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով որոշման հրապարակումը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական թիմի միջնորդությունը՝ գործի բողոքը քննելու բանավոր ընթացակարգով։ Այս մասին հայտնել են Աջապահյանի պաշտպանները:

Միաժամանակ դատավորը որոշել է հետաձգել դատական ակտի հրապարակումը․ այն, ինչը պետք է տեղի ունենար հուլիսի 24-ին, այժմ նշանակված է հուլիսի 30-ին։

Դատարանն այդ փոփոխությունը պատճառաբանել է մի շարք հանգամանքներով՝ գործի լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտությամբ, դատարանի ծանրաբեռնվածությամբ, ինչպես նաև՝ պաշտպաններին հնարավորություն ընձեռելով՝ իրենց հայտարարած բացարկի հարցը ներկայացնելու:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Մասնավորապես՝ Աջապահյանին վերագրվում են զանգվածային լրատվամիջոցներով և տեղեկատվական տեխնոլոգիաներով տարածված կոչեր, որոնք իրավապահների վարկածով ուղղված են եղել իշխանության յուրացմանը և սահմանադրական կարգի տապալմանը։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է հունիսի 28-ին՝ երկու ամսով։

Սեդա Մարտոյան