ՀայաստանՍոցիալական

Անձնական մեքենա ունեցողները դժգոհ են, տրանսպորտից օգտվողները՝ գոհ․ նոր ավտոբուսային գիծը ծանրաբեռնում է քաղաքը

Մաշտոցի պողոտայից դեպի Խորենացի փողոց, այնուհետև Բեյրութի, Արգիշտիի և Իտալիայի փողոցներ առանձնացված նոր ավտոբուսային գիծը երթևեկության դժվարություններ է առաջացրել անձնական մեքենաներով վարորդների համար։ Շատ վարորդներ նշում են՝ խցանումներ են առաջանում հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին։ Վարորդներից մեկն էլ, որ 20 տարուց ավելի մեքենայի ղեկին է, շեշտեց` ճանապարհներն այդքան ծանրաբեռնված երբևէ չեն եղել։

Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը համաձայնում է նոր ավտոբուսային գծի պատճառով կա որոշակի ծանրաբեռնվածություն, սակայն հակադարձում է փոփոխության շահառուն հասարակական տրանսպորտից օգտվող քաղաքացիներն են։ Նրանցից բողոքներ չի ստացել։

Երբեմն մյուս տրանսպորտային միջոցները ևս օգտվում են առանձնացված գծից։ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ առայժմ այդ հատվածում խախտումներ չեն արձանագրվել։ Նոր գիծը փորձնական փուլում է։ Հունիսի 20-ից էլ արգելվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցից դեպի ձախ` Արգիշտի փողոց երթևեկությունը, սակայն կարգը խախտողներ լինում են։ Վարորդների խոսքով` փոփոխությունը ևս նպաստել է երթևեկության ծանրաբեռնվածությանը։

Արգիշտի փողոցում կա մեկ այլ խնդիր ևս։ Ավտոբուսները դժվարությամբ են մոտենում կանգառին, երբեմն նույնիսկ խուսափում, քանի որ դժվար է վերադասավորվելը և առաջանում է խցանում։ Իտալիայի փողոցում ծրագրվում է որոշակի սահմանափակումներ կիրառել տրանսպորտային միջոցների կայանման մասով։ Այն հնարավորություն կտա հավելյալ 1 երթևեկելի գոտի ունենալ ամբողջական։ Նմանատիպ փոփոխություն ծրագրվում է իրականացնել Արգիշտի փողոցում ևս։ Այն հնարավորություն տա խաչմերուկում 2 երթևեկելի գոտի կիրառվել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այն նաև հնարավորություն կտա մեղմացնել կանգառի հատվածում ավտոբուսների վերադասավորման խնդիրը։

Քաղաքը բեռնաթափելու նպատակով առաջիկայում սպասվում է ևս մի քանի փոփոխություն` դեպի Հաղթանակի կամուրջ, այնտեղից էլ Աթենքի և Իսակովի պողոտաներ։ Երթևեկության անընդհատությունն ապահովելու համար կամրջի հատվածում` Գրիգոր Լուսավորչի և Մաշտոցի փողոցներում տեղի կունենան լուսացուցային ռեժիմի փոփոխություններ։