ՀայաստանՍոցիալական

Երևանի մի քանի վարչական շրջանում օդի որակը կրկին անբարենպաստ է դարձել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 16-22-ը։ Փոշու պարունակությունը Նոր Նորքում, Կենտրոնում, Արաբկիրում և Շենգավիթում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Հրապարակված արդյունքները վկայում են այն մասին, որ Երևանում օդի որակը չի բարելավվել, չնայած այդպիսի ցուցանիշներ էին գրանցվել ապրիլ ամսին։ Այդ տվյալները ստացվել էին 173 կայաններից, որոնք տեղադրված են օդի աղտոտման բարձր ռիսկ ունեցող վայրերում՝ շինհրապարակներում։ Վերջին տարիներին Երևանը համարվում է ամենաաղտոտված օդ ունեցող քաղաքը Հայաստանում։

Երևանում օդի աղտոտվածության խնդիրը սրվում է ձմռան ամիսներին, երբ աղտոտման մշտական աղբյուրներին ջեռուցման սեզոնի ժամանակ ավելանում են նորերը։ Քաղաքի աշխարհագրական դիրքն էլ թույլ չի տալիս արագ օդափոխանակություն ձմռանը։ Քիչ են նաև կանաչ տարածքները։ Այս ամենը կարգավորելու համար Երևանի քաղաքապետարանը օդի որակի խնդիրները վերացնելուն միտված քառամյա միջոցառումների ծրագիր էր կազմել։

Ծրագիրն իր մեջ ներառելու է աղտոտիչների վերհանում և դրանցից յուրաքանչյուրով ծավալվող գործողությունների նկարագրություն։ Ներառված են լինելու նաև մի շարք մեղմացնող գործընթացներ: Հայկազյանը մանրամասնում է, որ քառամյա ծրագիրը կընդգրկի թիրախային գործողություններ, թվային հստակ ցուցանիշներ ու բոլոր այն հնարավոր միջոցառումները, որոնք կնվազեցնեն օդի աղտոտվածությունը։ Այն հաշվի կառնի նաև մարդկային գործոնն ու որոշակի սահմանափակումների կիրառումը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին սոցիալական հարթակներում Երևանի բնակիչները արձագանքել են մայրաքաղաքում օդի աղտոտվածությանը։ Այն 5-7 անգամ գերազանցել էր համաշխարհային առողջապահական չափանիշները։ Դրանից հետո մայրաքաղաքում տեղարդվել էին օդի որակի 149 չափիչ սարքեր։