ՀայաստանՍոցիալական

Հայաստանը հյուրընկալում է COP17-ը․ նախարարությունը կոչ է անում պահպանել Կարմիր գրքում ներառված ջրաշուշանը

2026-ին Հայաստանը դառնալու է աշխարհի բնապահպանական ուշադրության կենտրոնը՝ հյուրընկալելով Կենսաբազմազանության 17-րդ համաժողովը (COP17)։ Սա եզակի հնարավորություն է մեր երկրի համար՝ ցույց տալու, թե որքան կարևոր է մեզ համար բնության պահպանումը։ Բայց մինչ այդ, Շրջակա միջավայրի նախարարությունը ահազանգում է՝ մեր էկոհամակարգերը խաթարվում են հենց մեր իսկ անփույթ վարվեցողության պատճառով։

Վերջին շրջանում ավելի հաճախ են ստացվում ահազանգեր, որ զբոսաշրջիկներն ու քաղաքացիները վնասում են ջրային միջավայրերը, մասնավորապես՝ կտրում են ջրաշուշաններ։ Իսկ ջրաշուշանը պարզապես գեղեցիկ ծաղիկ չէ։ Այն Հայկական լեռնաշխարհի խորհրդանիշներից է, ներառված է Հայաստանի Կարմիր գրքում և օրենքով պաշտպանված է։

Հիշեցնենք՝ Կարմիր գրքում գրանցված բույսերի ցանկացած ապօրինի հավաքում պատժվում է օրենքով։ Ըստ Հայաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 93-րդ հոդվածի՝ քաղաքացիների համար նախատեսված է 80.000 դրամ տուգանք, իսկ պաշտոնատար անձանց համար՝ 150.000 դրամ։