
Երևանում խստացվում է հասարակական տրանսպորտում վերահսկողությունը
Երևանի քաղաքապետարանը նախաձեռնում է նոր վերահսկողական մեխանիզմների ներդրում՝ ուղղված հասարակական տրանսպորտում կարգապահության բարձրացմանը։ Ինչպես հայտնել է քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, վերահսկողության լիազորությունները հանձնվել են հասարակական կարգի պահպանության ծառայությանը, որը առաջիկայում կընդունի համապատասխան վերապատրաստում՝ ստուգումներն արդյունավետ իրականացնելու համար։
Փոխքաղաքապետի խոսքով՝ այս պահին ընթացքի մեջ են ստուգումների մեթոդաբանության մշակման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել այս շաբաթվա ընթացքում։ Մշակված մեթոդական դրույթների հիման վրա կկազմակերպվեն դասընթացներ հասարակական կարգի պահպանության ծառայողների համար։ Դասընթացների ընթացքում մասնակիցները կստանան տեսական և գործնական գիտելիքներ՝ մասնավորապես այն մասին, թե ինչպես պետք է կատարվեն ստուգումները, ինչ կարգով պետք է արձանագրվեն խախտումները և ինչպես է իրականացվելու արձանագրումների հիման վրա իրավական գործընթացների մեկնարկը։
Գրիգորյանը նշել է, որ վերապատրաստումից հետո նախատեսվում է անցում կատարել խիստ վերահսկողության ռեժիմի, որի հիմնական նպատակն է պոտենցիալ խախտումների արձանագրումն ու տուգանային մեխանիզմների գործարկումը։ Խոսքը վերաբերում է թե՛ վարորդների կարգապահությանը, թե՛ ուղևորների վարքագծին, ինչի արդյունքում ակնկալվում է բարձրացնել տրանսպորտային ծառայությունների որակը։