ՀայաստանՍոցիալական

Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել. կրակը դեռ չէզոքացված չէ

Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել հուլիսի 27-ի երեկոյան՝ ընդգրկելով մոտ 1000 քմ տարածք։ «Երևանի քաղաքային աղբավայր» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Վարդապետյանի խոսքով՝ նախ փորձել են հրդեհաշիջման աշխատանքները իրականացնել սեփական ուժերով, սակայն այսօր՝ ժամը 13։30-ի սահմաններում, նոր օջախ է հայտնվել։

Ըստ Վարդապետյանի՝ իրավիճակը տվյալ պահին վերահսկելի է, քանի որ քամու ուժգնացում չկա, սակայն հավելել է, որ դժվարանում է կանխատեսել կրակի մարման վերջնաժամկետը։ Նրա խոսքով՝ երբեմն առաջանում են թաքնված օջախներ։ Դրանք կարող են դառնալ նոր բռնկումների պատճառ։

Վարդապետյանը հիմնական պատճառներից համարում է օդի բարձր ջերմաստիճանը։ Նրա խոսքով՝ աղբավայրում կուտակված ապակյա կտորները տապի ազդեցությամբ կարող են բոցավառվել ու հրդեհի տարածում առաջացնել, հատկապես քամու առկայությամբ։ Միևնույն ժամանակ, նա բացառված չի համարում նաև աղբավայրում կուտակված գազերի ազդեցությունը։ Նրա դիտարկմամբ՝ խնդրի լուծման երկու հիմնական ուղղություն կա․ շարունակական հողային աշխատանքների իրականացում և հեռանկարային լուծում՝ աղբի վերամշակման գործարանի կառուցում։

Նշենք, որ Նուբարաշենի քաղաքային աղբավայրը շահագործման է հանձնվել դեռևս 1950-ականներին։ Այն տեղակայված է Երևանի կենտրոնից 9-10 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է շուրջ 52 հա տարածք։ Ըստ քաղաքապետարանի տվյալների՝ այնտեղ օրական տեղափոխվում է 1000-1200 տոննա կենցաղային և այլ աղբ։ Հիշեցնենք, որ անցած տարի՝ 2024 թվականի օգոստոսին, Նուբարաշենի աղբավայրում ևս հրդեհ էր բռնկվել, որը մարվել էր միայն մեկ շաբաթ անց։