ՀայաստանՍոցիալական

Արա Աբրահամյանին պատկանող Հյուսիսային պողոտայի տարածքը կվերադարձվի Երևանի քաղաքապետարանին

Երևանի ամենաթանկարժեք տարածքներից մեկում՝ Հյուսիսային պողոտայի օտարման գոտում գտնվող 2859.4 քմ հողամասը, որը պատկանում էր Արա Աբրահամյանի հիմնադրած «Սոգլասիե Արմենիա» ընկերությանը, վերադարձվել է Երևան համայնքին։ Նման որոշում է կայացրել Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 25-ի նիստում։

Հողատարածքը ի սկզբանե հատկացվել էր քաղաքաշինական նպատակներով, սակայն տարիներ շարունակ այն մասնավոր սեփականություն էր համարվում։ Այսօր, ըստ դատարանի, այդ սեփականության գրանցումն անվավեր է ճանաչվել։ Դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ անցկացված դատական նիստում ամբողջությամբ բավարարվել է գլխավոր դատախազության հայցը։ Դատարանը արձանագրել է՝ «Սոգլասիե Արմենիայի» կողմից տարածքը տիրապետելու իրավունքը չի եղել օրինական։

Սա նույն տարածքն է, որի շուրջ սկանդալ բռնկվեց դեռ 2024-ի աշնանը, երբ Երևանի քաղաքապետարանը, չսպասելով դատարանի վերջնական որոշմանը, տեխնիկա էր ուղարկել տարածքը ապամոնտաժելու՝ սկսելով վերադարձի գործընթացը։ Այդ ժամանակ ևս նշվում էր, որ խոսքը Արա Աբրահամյանին պատկանող ընկերության մասին է։ Դատարանի որոշմամբ՝ «Սոգլասիե Արմենիան» պարտավորվում է նաև պետական տուրքի համար վճարել 20 հազար դրամ, իսկ եթե ընկերությունը չկատարի այս որոշումը կամովին, ապա գործը կփոխանցվի հարկադիր կատարման։

Արդեն հուլիսի 31-ին նախատեսվում է մեկ այլ դատական նիստ, որտեղ կրկին քննարկվելու է «Սոգլասիե Արմենիայի» հանդեպ ներկայացված դատախազության պահանջը՝ այս անգամ անշարժ գույքի վրա բռնագանձման վերաբերյալ։ Խոսքը Երևանի կենտրոնում գտնվող մի տարածքի մասին, որը տարիներ շարունակ հայտնի էր որպես «Մանկական աշխարհ» հանրախանութի հողամաս։ Դատախազությունը պնդում է՝ այս գույքը տարիներ առաջ մասնավորեցվել է օրենքի խախտմամբ։