
ՀԷՑ-ում չեղարկվել են միլիարդավոր դրամների գնումներ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում ժամանակավոր կառավարչի պաշտոնում նշանակվելուց հետո Ռոմանոս Պետրոսյանը կասեցրել է ավելի քան 3 միլիարդ դրամ արժեքով չորս գնումների գործընթաց։ ՀԷՑ-ը պնդում է, որ որոշումը կայացվել է հայտնաբերված համակարգային խնդիրների պատճառով։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ չեղարկված գնումները նախատեսված էին ներդրումային ծրագրի շրջանակում և ներառում էին էլեկտրատեխնիկական սարքավորումների, հաշվիչների, մալուխների և մի շարք ծառայությունների ձեռքբերում։ Սակայն գնումների ընթացակարգերում բացահայտվել են խտրական տեխնիկական պահանջներ, անթափանցիկ և ոչ ներառական գործընթացներ, ինչպես նաև ոչ օբյեկտիվ նախնական գնանշումներ։
Ժամանակավոր կառավարիչը հանձնարարել է բարելավել գնումների մեխանիզմները՝ ապահովելով դրանց թափանցիկությունն ու օրինականությունը։ Այս պահին ընթանում են համապատասխան փաստաթղթերի ու գործընթացների վերանայման աշխատանքներ։
Ընկերությունից հայտնում են, որ նոր՝ ավելի վերահսկելի գնումների գործընթացը կմեկնարկի 2025 թվականի օգոստոսի առաջին տասնօրյակից՝ համաձայն պլանավորված ժամանակացույցի։
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարում է սահմանվել որոշում կայացնող մարմինների հետ տարաձայնությունների և ոլորտում արձանագրված խախտումների ֆոնին։