
Հայաստանի և Ռուսաստանի միջև մուտքի ռեժիմում փոփոխություն է կատարվում
Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների փոխադարձ այցելությունները՝ առանց մուտքի արտոնագրերի, առաջիկայում կարող են իրականացվել ավելի պարզեցված ընթացակարգով։ ՀՀ կառավարությունը հուլիսի 31-ի նիստում հաստատեց Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրում փոփոխությունների կատարումը՝ հայտագրերի փոխանակման ձևով։
Նոր նախագիծը նախատեսում է ՀՀ քաղաքացիների մուտքի, ելքի, կացության և տեղաշարժի համար պահանջվող փաստաթղթերի ցանկից հանել «օտարերկրյա պետություններում գործողության ժամկետի նշումով» բառերը։ Փոփոխությունը փաստացի վերաբերում է այն դրույթին, որի համաձայն քաղաքացիները Ռուսաստանում մուտք ու կացություն էին ստանում միայն այն դեպքում, եթե անձնագրում առկա էր ժամկետի նշում։
Այս ձևակերպումը հիմնված էր դեռևս 1998 թ. գործող որոշման վրա, որն արդեն 2024 թ. հունվարի 1-ից դուրս էր եկել ուժից։ Նոր փոփոխությունն ուղղված է այդ իրավական անհամապատասխանության շտկմանը և փաստաթղթաշրջանառության պարզեցմանը։
Ըստ գործող առանց մուտքի արտոնագրերի փոխայցելությունների համաձայնագրի՝ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել, տեղաշարժվել և գտնվել ՌԴ տարածքում՝ ՀՀ քաղաքացիության անձնագրով կամ նրան փոխարինող փաստաթղթով։ Նոր խմբագրումով այդ փաստաթուղթը կարող է լինել առանց ժամկետային հատուկ նշումների՝ չկաշկանդելով քաղաքացիների ազատ տեղաշարժը։