ՀայաստանՍոցիալական

Երևանի մետրոյում հերթեր են առաջացել թղթային տոմսերի չեղարկման պատճառով

Երևանի մետրոյի մի շարք կայարաններում այսօր խոշոր հերթեր են առաջացել՝ պայմանավորված մեկանգամյա օգտագործման թղթային տոմսերի դուրսբերմամբ։ Օգոստոսի 1-ից մետրոյում այլևս չեն գործում QR կոդով թղթային տոմսերը, որոնք մինչ այս հնարավոր էր գնել ինչպես տոմսարկղերից, այնպես էլ վճարային սարքավորումներից։ Տոմսարկղերի մոտ հերթերն ավելացել են․ ուղևորները փորձում են ձեռք բերել նոր տոմսեր։ Սակայն քարտերը անմիջապես չեն ակտիվանում, և մետրոյի աշխատակիցները խնդրում են մի քանի րոպե սպասել։

Տեղեկատվության պակասի պատճառով բազմաթիվ ուղևորներ այսօր առավոտյան փորձել են տոմս գնել «Telcell»–ի ապարատներից, սակայն ստացել են առանց QR կոդի տոմս, որը մետրոյի անցակետերը չեն ընդունում։ Ոմանք դժգոհում էին՝ նշելով, որ եթե համակարգը փոխվել է, ապարատները պետք է հարմարեցվեին այդ փոփոխությանը։ Այդ հայտարարություններից հետո Telcell-ը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ, նշելով, որ գնված տոմսերը չեն կորել և ուղևորները դրանք կարող են գտնել իրենց հավաքած հեռախոսահամարի Telcell Wallet դրամապանակի «Տրանսպորտ» բաժնում։

Միևնույն ժամանակ, եթե QR կոդով տոմսի գործողության ժամկետը չի լրացել, այն դեռ կարելի է օգտագործել։ Հնարավոր է նաև վճարել բանկային քարտերով՝ բացառությամբ «ՎՏԲ-Հայաստան» բանկի կողմից տրամադրված քարտերի։

Հիշեցնենք, որ միասնական տոմսային համակարգը Երևանում ներդրվել է 2024 թվականի հունվարից, իսկ փետրվարից գործում է նոր սակագին՝ 150 դրամ։ Այդ արժեքը կպահպանվի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Քաղաքային իշխանությունները դեռևս հուլիսին է հայտարարել, որ QR կոդերը հաճախ չեն ընթեռնվում սարքերի կողմից, ինչը դանդաղեցնում է տրանսպորտի հոսքը և անհարմարություն է ստեղծում ուղևորների համար։ Փոխարենը առաջարկվում է օգտվել տրանսպորտային քարտերից, անհպում բանկային քարտերից (բացառությամբ ՎՏԲ բանկի) կամ բջջային հավելվածից, ինչը կարող է մեծ դժվարություններ առաջացնել տարեցների և համապատասխան հեռախոսներ չունեցող անձանց համար։