ՀայաստանՍոցիալական

Արտակարգ արբիտրը չբավարարեց Սամվել Կարապետյանի ընտանիքի նոր պահանջները Հայաստանի դեմ

Սամվել Կարապետյանի ընտանիքի՝ Հայաստանի կառավարության դեմ ներկայացրած նոր պահանջներն արտակարգ արբիտրը մերժել է։ Սրա մասին տեղեկացնում են Հայաստանի կառավարությունից՝ նշելով, որ արբիտրը արձանագրել է՝ իրեն ուղղված դիմումում բարձրացվել են պահանջներ, որոնք դուրս են իր լիազորությունների շրջանակից։

Ինչպես հայտնի է, գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքի անդամները հուլիսի 29-ին դիմել էին Ստոկհոլմի առևտրային պալատի արտակարգ արբիտրին։ Նրանք պահանջում էին լրացնել ավելի վաղ՝ հուլիսի 22-ին կայացրած արբիտրաժային որոշումը։ Այն վերաբերում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը։ Հայցվորներն ակնկալում էին, որ արտակարգ արբիտրը կհաստատի Հայաստանի պարտավորությունը՝ լիարժեք կատարել այդ որոշումը, ինչպես նաև կոչ կանի վերականգնել ՀԷՑ-ի շուրջ նախկին իրավական իրավիճակը, այսինքն՝ չեղարկել ընկերության նկատմամբ կիրառված նոր սահմանափակումներն ու վերահսկողության քայլերը։

Սակայն արբիտրը պարզաբանել է, որ ներկայացված պահանջները մի շարք առումներով դուրս են գալիս իր իրավազորությունից։ Մասնավորապես՝ դրանք ավելին են, քան արդեն իսկ կայացված որոշման պարզեցում կամ մեկնաբանումը։ Ավելին, հայցը գնահատվել է որպես պահանջների ընդլայնում՝ առանց ընթացակարգային հիմքի։

Ավելի վաղ արբիտրաժային մարմինը պահանջել էր Հայաստանից ձեռնպահ մնալ այն գործողություններից, որոնք ուղղված էին ՀԷՑ-ի նկատմամբ վերահսկողություն հաստատելուն՝ հատկապես նոր օրենքներով նախատեսված մեխանիզմների կիրառմամբ։ Բայց Կարապետյանների ընտանիքը այդ որոշման հիման վրա ցանկանում էր նաև իրավական պարտավորության հստակ ձևակերպում և ընթացիկ գործողությունների պարտադիր կարգ՝ ինչը այս փուլում մերժվել է։