
Հայաստանի բնակչությունն աճել է՝ հասնելով 3 միլիոն 84 հազարի
2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը կազմել է 3 միլիոն 84 հազար մարդ, որի շուրջ 64 տոկոսը՝ ավելի կոնկրետ 1 միլիոն 974 հազարը, բնակվում է քաղաքներում, իսկ 1 միլիոն 109 հազարը՝ գյուղերում։ Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Բնակչության թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27 հազարով։ Քաղաքային բնակչությունը ավելացել է մոտ 1 հազարով, մինչդեռ գյուղերում աճը ավելի նշանակալի է՝ շուրջ 25 հազար մարդ։
Հայաստանի ամենախիտ բնակեցված վարչական միավորը շարունակում է մնալ Երևանը, որի բնակչությունը հասել է 1 միլիոն 143 հազարի։ Մայրաքաղաքի վարչական շրջաններից ամենաշատ բնակիչ ունի Մալաթիա-Սեբաստիան՝ 150.3 հազար մարդ, իսկ ամենաքիչ բնակեցվածը Նուբարաշենն է, որտեղ ապրում է ընդամենը 11.2 հազար մարդ։
Մարզային պատկերը հետևյալն է.
ամենախիտ բնակեցված մարզը Կոտայքն է՝ 294.9 հազար բնակչով,
Իսկ ամենաքիչ բնակչություն ունեցողը՝ Վայոց ձորը, որտեղ ապրում է 49.4 հազար մարդ։
Հիշեցնենք, որ բնակչության մշտական թվաքանակը ներառում է այն անձանց, որոնք ապրում են տվյալ տարածքում 1 տարուց ավելի։