ՀայաստանՍոցիալական

Հայաստանի քաղաքացիները Օման կմտնեն առանց վիզայի

Օգոստոսի 11-ին Երևանում կայացած քաղաքական խորհրդակցությունների արդյունքում Օմանը պաշտոնապես ազատել է Հայաստանի քաղաքացիներին դեպի իրենց երկիր մուտքի վիզայի պահանջից։ Այս նոր կարգավորումը հնարավորություն է տալիս Հայաստանի քաղաքացիներին առանց մուտքի արտոնագրի կարճաժամկետ այցելություններ կատարել Օման՝ խթանելով երկու երկրների միջև զբոսաշրջությունը և երկկողմ հարաբերությունները։

Ավելի վաղ՝ կառավարության մայիսի 22-ի նիստում որոշում էր ընդունվել Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների համար վերացնել վիզաների պահանջը Հայաստան այցելելիս։ Բացի այդ էլ 2025 թվականի ապրիլին որոշում էր ընդունվել դեսպանություն բացել Օմանում։

Արտաքին գործերի նախարարության կայքէջում էլ կարելի է տեսնել, որ Հայաստանի և Օմանի միջև առևտուրը նոր փուլերի է հասել։ Վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանի և Օմանի միջև արտահանել է ավելի քան 5 500.9 հազար ԱՄՆ դոլար արտադրանք, ներմուծելէ 556.4 հազար ԱՄՆ դոլարի։

Խորհրդակցություններին մասնակցել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ու Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին։ Քննարկվել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճին, ներդրումների խթանմանը, ենթակառուցվածքների, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում փոխգործակցության խորացման հարցեր։ Նշվել է նաև զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության և մշակույթի ոլորտներում համատեղ քայլերի կարևորությունը։

Օմանի Սուլթանությունը գտնվում է Արաբական թերակղզու հարավ-արևելքում և սահմանակից է Սաուդյան Արաբիային, Եմենին և Արաբական Միացյալ Էմիրություններին։