
Հայաստանում կկրկնապատկվի փողոցը չնախատեսված հատվածով անցնող հետիոտների տուգանքը
Հայաստանում փողոցը չնախատեսված հատվածով անցնող հետիոտները այսուհետ ստիպված կլինեն մտածել ոչ միայն իրենց անվտանգության, այլև գրպանի մասին։ Օգոստոսի 2-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությամբ նման խախտման համար տուգանքը կրկնապատկվել է՝ 5 հազարից դառնալով 10 հազար դրամ։
Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանի խոսքով՝ խստացումը պայմանավորված է այն փաստով, որ միայն 2023-ին գրանցվել է 1197 վրաերթ և 108 զոհով, իսկ 2024-ին՝ 1079 վրաերթ և 107 զոհ։ Շատ դեպքերում պատճառը հենց հետիոտնների կողմից երթևեկության կանոնների խախտումն է։
ՆԳ նախարարությունում հույս ունեն, որ խիստ պատժամիջոցը և շարունակվող իրազեկման արշավները կնվազեցնեն վրաերթերի թիվը և կբարձրացնեն երթևեկության անվտանգությունը։
Չնայած այդ ամենին, Երևանի մի շարք հատվածներում հետիոտնային անցումները իրարից շատ հեռու են, գետնանցումներն էլ կեղտոտ են և երբեմն անանցանելի՝ այնտեղ տարածված հոտերի և աղբի պատճառով։ Քաղաքացիները մեզ հետ զրույցում հիմնականում այս երկու պատճառներն էին բերում՝ փողոցը չթույլատրելի տեղով հատելու համար։ Այնուամենայնիվ՝ օրենքը փոխելիս անհրաժեշտ է նաև լուծել վերը նշված խնդիրները։