ՀայաստանՍոցիալական

Ավինյանը պահանջում է մինչև տարեվերջ ավարտել աղբի վերամշակման գործարանի մրցույթը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին մինչև տարեվերջ հանձնարարել է անցկացնել աղբի վերամշակման գործարանի կառուցման համար երկփուլ մրցույթ և հայտարարել հաղթող կազմակերպության անունը։ Նա նախազգուշացրել է, որ ժամկետի խախտման դեպքում կկայացվեն նոր կադրային որոշումներ։

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի խոսքով՝ օգոստոսի 17-ի դրությամբ՝ ինը օր տևած ինտենսիվ աշխատանքներից հետո Նուբարաշենի աղբավայրում հրդեհային վտանգը վերացված է։ Նա հիշեցրել է, որ հրդեհի մասին ահազանգը ստացվել էր օգոստոսի 8-ի կեսգիշերին, կրակը մարվել էր հաջորդ առավոտյան, սակայն աղբավայրը ծխում էր ամբողջ ծավալով։

Կամո Արեյանի խոսքով՝ օրական 20–22 միավոր տեխնիկա հող է տեղափոխել։ Ընդհանուր առմամբ, ինը օրերի ընթացքում աղբավայր է տեղափոխվել շուրջ 2450 մեքենա հող։

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի վարչության պետի պաշտոնակատար Զավեն Մելքոնյանը տեղեկացրել է, որ հրդեհաշիջման ընթացքում օգտագործվել է 22 035 տոննա ջուր, աշխատանքներին ներգրավվել է 430 փրկարար։ Վտանգի կանխարգելման նպատակով տարածքում նշանակվել է շուրջօրյա հերթապահություն։