
Հանրային տրանսպորտում սկսվել են ստուգումներ․ արդեն գրանցվել է առաջին տուգանքը
Վերջին երկու շաբաթվա ընթացքում հասարակական կարգի պահպանության ծառայությունը ավտոբուսներում իրականացրել է ստուգումներ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում եղել են ծրագրային խնդիրներ, ինչի պատճառով տուգանքներ չեն կիրառվել։ Այժմ խնդիրները լուծվել են, և արդեն իսկ արձանագրվել է մեկ տուգանքի դեպք։ Գրիգորյանի խոսքով՝ այլ տուգանքներ չկան
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ տեխնիկական խոչընդոտների բացակայության պայմաններում անհրաժեշտ է սկսել վարչարարության կիրառումը։
Նշենք, որ օրենքով տրանսպորտից օգտվելիս չվճարող և նույնականացումից հրաժարվող քաղաքացին կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության։ Նախատեսված են տուգանքներ՝ 3 000 դրամ՝ ուղետոմսը կամ կրիչը չվավերացնելու համար, 10 000 դրամ՝ առանց վճարելու տրանսպորտից օգտվելու համար, 15 000 դրամ՝ ուրիշի զեղչված ուղետոմսը օգտագործելու համար։