ՀայաստանՍոցիալական

Դատարանը դատապարտեց Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց 2022 թվականի ապրիլի 26-ին 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու գործի դատավճիռը։ Վրաերթը տեղի էր ունեցել Երևանի կենտրոնում։ Վրաերթի ենթարկված կինը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել էր։

Դատարանը մեղադրյալ Արամ Նավասարդյանին դատապարտեց 1 տարի 6 ամիս ազատազրկման և մեկուկես տարով զրկեց ավտոմոբիլ կամ այլ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Բացի այդ, դատարանը որոշեց տուժողի իրավահաջորդի՝ Մնացական Մնացականյանի օգտին բռնագանձել 4 միլիոն դրամ՝ որպես փոխհատուցում։ Նավասարդյանը քրեակատարողական հիմնարկում պատիժը կկրի 1 տարի 5 ամիս ու 26 օր։

Սակայն Սոնա Մնացականյանի հայրը հայտարարել է , որ բողոքարկելու է առաջին ատյանի դատարանի վճիռը։ Գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը նույնպես հայտնել է, որ Վերաքննիչ դատարանում բողոքարկելու է դատավճիռը։ Մինչ այդ, նա կմնա ազատության մեջ։

Վրաերթի ժամանակ Նավասարդյանը սկզբում հեռացել էր դեպքի վայրից, սակայն երկու ժամ անց վերադարձել ու մասնակցել քննչական գործողություններին։ Նախաքննության ընթացքում նրա նկատմամբ ընտրվել էր ստորագրությամբ չբացակայելու արգելք։ Դատախազը պահանջում էր 2,5 տարվա ազատազրկում, իսկ տուժողի հայրը՝ 4 տարի։

Հիշեցնենք, որ դատավարությունը տևել է շուրջ 3 տարի։