
Արաքսի վրայով երկրորդ կամուրջ կկառուցվի
Հայաստանն ու Իրանը համաձայնեցրել են Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի կառուցման հարցը։ Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ֆարզանե Սադեղը, որը Իրանի պաշտոնական պատվիրակության կազմում է գտնվում, հայտնել է, որ կողմերը նախնական պայմանավորվածության են եկել ոչ միայն նոր, այլև գործող կամրջի վերակառուցման, սահմանային տերմինալների բարեկարգման և բեռնատարների տուրքերի վերանայման շուրջ։
Նրա խոսքով՝ այս քայլերը էականորեն կթեթևացնեն բեռնափոխադրողների աշխատանքը և թույլ կտան ձևավորել ամբողջական տարանցիկ փաթեթ։ Նախաձեռնության վերջնականացումը նախատեսվում է առաջիկա ամիսներին։
Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել նաև երկաթուղային նախագծերին։ Սադեղը շեշտել է, որ ռազմավարական նշանակություն ունի Պարսից ծոցը Սև ծովին կապող երկաթուղային գիծը․ Իրանում ճանապարհը արդեն հասնում է Ջուլֆա, իսկ Ջուլֆա–Երևան ուղղությունն արդեն հաստատվել է։
Երևանում ձեռք բերված պայմանավորվածությունների թվում են նաև օդային փոխադրումների ոլորտին վերաբերող հուշագրի ստորագրումը և նավահանգստային ենթակառուցվածքների համատեղ օգտագործումը։ Խոսքը Իրանի հարավային նավահանգիստների լոգիստիկ ներուժի մասին է, որը Հայաստանի համար կարող է դառնալ ծովային հաղորդակցության ուղի։
Նշենք, որ Արաքսի վրայով նոր կամրջի նախագծային աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2023 թվականի վերջին։ Քննարկվում է նաև 1995 թվականին կառուցված գործող կամրջի կողքին զուգահեռ կամրջի կառուցման տարբերակը։