ՀայաստանՍոցիալական

Սթրայքբոլի խա՞ղ, թե՞ մարտական նռնակ. ինչ է իրականում կատարվում ՀՅԴ անդամների դեմ գործով

Այսօր հանրային ուշադրության կենտրոնում հայտնվել է մի միջադեպ, որն ունի թե՛ իրավական, թե՛ քաղաքական հնչեղություն։ Խոսքը առավոտից իրականացված խուզարկությունների և դրանց հետևանքով ՀՅԴ անդամների ձերբակալությունների մասին է։

Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով տարածված լուրերը, թե իբր խուզարկության ընթացքում առգրավվել է սթրայքբոլի՝ տակտիկական խաղի պարագա։ ՔԿ-ի պնդմամբ՝ առգրավված նռնակը մարտական է՝ «Ֆ1» տեսակի, իսկ նրա կողքին հայտնաբերված երկու էլեկտրական պայթիչներն էլ դասվում են որպես ռազմամթերք։

Սակայն դեպքի շուրջ ամբողջությամբ այլ պատկեր են ներկայացնում ՀՅԴ ներկայացուցիչները, փաստաբանները և կուսակցության ԳՄ-ի Հանրային կապերի գրասենյակը։ Նրանք պնդում են, որ առգրավվածը մարտական նռնակ չէ, այլ սթրայքբոլի արկ է՝ օգտագործվող ոչ թե մարտական, այլ խաղային նպատակներով։ Ըստ փաստաբանների՝ խուզարկություններն ու ձերբակալությունները իրավաբանության հետ որևէ կապ չունեն և ունեն մեկ հստակ նպատակ՝ հարվածել ՀՅԴ-ին։

Դաշնակցականների պնդմամբ՝ ամեն ինչ սկսվել է Հայաստանի երիտասարդական միության անդամ Անդրանիկի ձերբակալությունից, ով պարզապես զբաղվել է սթրայքբոլով։ Ըստ փաստաբանների՝ հենց այդ անհիմն ձերբակալությունից հետո իրավապահները ՀՅԴ-ականների տներում խուզարկություններ են անցկացրել։

Այս պահին 7 անձ դեռ շարունակում են մնալ ՔԿ-ում։