ՀայաստանՍպորտ

Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայի անհատական առաջնությունում 8-րդն էր

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որտեղ հայ շախմատիստները մեդալներ չնվաճեցին։

Ռոբերտ Հովհաննիսյանը ամենաբարձր տեղը զբաղեցրեց հայ շախմատիստների մեջ։ Գրոսմայստերը 11 հնարավորից 8 միավոր վաստակեց ու զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։ 3-13-րդ հորզիոնականները հավաքել էին 8 միավոր, բայց լրացուցիչ միավորներով բրոնզե մեդալակիր դարձավ սերբ Վելիմիր Իվիչը։

Մեր մյուս մասնակիցներից Արամ Հակոբյանը 7,5 միավորով գրավեց 24-րդ տեղը, իսկ Մանուել Պետրոսյանը, Էրիկ Գասպարյան ու Շանթ Սարգսյանը 7-ական միավորով այլ շախմատիստների հետ կիսեցին 34-66-րդ տեղերը։

Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճեց սերբ Ալեքսանդր Ինջիչը, ով 11 հնարավորից 9 միավոր վաստակեց։ Մրցաշարային ֆոնդը 100․000 դոլար էր։ Առաջին հորիզոնականը վաստակեց 20․000 դոլար, երկրորդը՝ 15․000, երրորդը՝ 10․000։ Ռոբերտ Հովհաննիսյանը 3․000 դոլար հաղթեց։