
Երևանում նոր մարզահամալիր կլինի հավաքական թիմերի մարզումների համար
Կառավարությունը հաստատել է, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզահամալիրը կծառայի հավաքական թիմերի մարզումների համար։
Տարածքն այս պահին ունի ճաշարան, ննջարանային մասնաշենք։ Այն նախատեսված է շուրջ 60 հոգու համար։ Կա 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600քմ: Մարզադահլիճներից մեկը համապատասխանում է գեղարվեստական մարմնամարզության միջազգային չափորոշիչներին։ Մյուս մարզադահլիճը ժամանակին ծառայել է ըմբշամարտի, ձյուդոյի և բռնցքամարտի մարզումների համար:
Մարզահամալիր նախատեսվում է հիմնանորոգել և ստեղծել հավաքական թիմերի մարզման կենտրոն: Հաշվի առնելով ննջարանային մասնաշենքի և երկու մարզադահլիճների առկայությունը՝ մարզակառույցը կծառայի ուսումնամարզական հավաքների, առաջնությունների և այլ մրցաշարերի անցկացման համար: Կառույցում կգործի նաև բժշկավերականգնողական կենտրոն:
Հայաստանում կա պահանջ մարզական հավաքների կենտրոնների համար։ Հավաքականները այս պահին իրենց մարզական հավաքներն անցկացնում են Օլիմպավանում և Ծաղկաձորում, որոնք Հայաստանի տարբեր տարիքի հավաքականներին չեն բավականացնում։