ՀայաստանՍպորտ

Շանթ Սարգսյանը կիսում է առաջին հորիզոնականը «Qatar Masters Open 2024»-ում

Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթանում է «Qatar Masters Open 2024» շախմատի միջազգային մրցաշարը։ Հայաստանից մրցաշարին մասնակցում են գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը և Տիգրան Հարությունյանը: Հայաստանի շախմատի ընտրանու անդամ, գրոսմայստեր Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open» մրցաշարում կիսում է առաջին հորիզոնականը Անդրեյ Էսիպենկոյի հետ։

7 խաղափուլից հետո հայ շախմատիստների մեջ ամենաշատ միավորը վաստակել է Շանթ Սարգսյանը՝ 6 միավոր։ Նա Անդրեյ Էսիպենկոյի հետ հավասար միավորներով կիսում է առաջին հորիզոնականը։

Հայկ Մարտիրոսյանն ունի 4 միավոր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչները` Մանուել Պետրոսյանն ու Տիգրան Հարությունյանն ունեն 3,5-ական միավոր:

Մրցաշարը մեկնարկել է դեկտեմբերի 3-ին, կավարտվի դեկտեմբերի 12-ին։ Մրցանակային ֆոնդը 94․250 դոլար է։ Հաղթողը կստանա 25․000 դոլար, երկրորդ տեղի մրցանակակիրը՝ 15․000, երրորդ տեղի մրցանակակիրը՝ 10․000 դոլար։