Փաշինյանը նշել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության և հետագա գոյության համար
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար, այսօր Համաշխարհային հայկական երկրորդ գագթնաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) մեր անդամությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլր այն պատճառով, որ, մեր կարծիքով, Հավաքական անվտանգության պայմանագիրը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար և Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը շատ է քննարկում այն մասին, թե արդյոք Հայաստանը գործում է կամ մտածում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն վերադառնալու մասին։ Ես նախկինում էլ ասել եմ, որ մենք լիարժեք կվերականգնենք մեր գործունեությունը Հավաքական անվտանգության կազմակերպությունում միայն այն պարագայում, երբ մեր բարձրացրած հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ, մեր այս շեշտադրումից անցել է ուղիղ 2 տարի։
Պատասխանները ոչ միայն չեն հնչել, այլև արդեն ակնհայտ է, որ չեն հնչելու, կամ եթե նույնիսկ ակնհայտ չեն, բայց ես կարող եմ ասել, որ ինչքան այդ պատասխանները չեն հնչում և պատասխանները համոզիչ չեն, ամեն րոպեի և ամեն վայրկյանի հետ Հայաստանի Հանրապետությունը ավելի ու ավելի է հեռանում Հավաքական անվտանգության կազմակերպությունից», — պատասխանել է Նիկոլ Փաշինյանը։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն էլ անդրադարձել է Փաշինյան հայտարարությանը՝ նշելով, որ ՀԱՊԿ-ն իր անդամներից որևէ մեկի ինքնիշխանությանը չի սպառնում։
«Պետք է կտրականապես չհամաձայնեմ պարոն Փաշինյանի հետ։ ՀԱՊԿ-ը Հայաստանի ինքնիշխանության համար որևէ սպառնալիք ներկայացնել չի կարող։ Հակառակը, այդ կազմակերպությունը կանգնած է անդամ պետությունների ինքնիշխանության պաշտպանության դիրքերում։ Մենք այդ տեսակետը համբերատար կերպով կներկայացնենք հայկական ղեկավարությանը», — հավելել է Պեսկովը։
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն ձեռնպահ կմնա «ՀԱՊԿ 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։
Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։