ՀայաստանՍպորտ

ԱԱ-2026․ Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Ցյուրիխում կայացավ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքներով կազմվեցին 12 խմբեր։

Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկված է F խմբում։ Մեր ընտրանին կմրցի Հունգարիայի ու Իռլանդիայի հավաքականների դեմ։ Պորտուգալիա — Դանիա զույգի հաղթողը կդառնա խմբի չորրորդ մասնակիցը։

Հայաստանի հավաքականը արդեն ծանոթ է մրցակիցներին։ Ամենաշատը հայ երկրպագուները ծանոթ են Դանիայի հավաքականին։ Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլում մեր հավաքականը պատմական հաղթանակի հասավ՝ հաղթելով մրցակցին իր իսկ մարզադաշտում 4։0 հաշվով։

Պորտուգալիայի դեմ մեր հավաքականը մրցել է 6 անգամ։ Գրանցվել է 2 ոչ-ոքի, մնացած բոլոր հանդիպումներում եվրոպական գրանդը հաղթանակի է հասել։ Հունգարիայի հավաքականի դեմ մեր ընտրանին մեկ հանդիպում է անցկացրել։ 2004 թվականին Հունգարիան 2։0 հաշվով առավելության հասավ մեր նկատմամբ։

ՈւԵՖԱ-ի ընտրական խմբային փուլը կսկսվի 2025 թվականի մարտին և կավարտվի 2025 թվականի նոյեմբերին։ Աշխարհի առաջնության ուղիղ ուղեգիր կնվաճեն միայն առաջին տեղը զբաղեցրած թիմերը։ Երկրորդ տեղերը կխաղան փլեյ-օֆֆում: 2025 թվականի մարտի 21-22-ը կկայանան 5 թիմերից բաղկացած խմբերում ընտրական առաջին հանդիպումները։

Հիշեցնենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունը պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։