Երևանամերձ համայնքներում բնակարանային աջակցության չափը կբարձրանա մինչև 4 մլն դրամ
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում նախատեսվում է փոփոխություն․ Երևանամերձ համայնքներում մեկ անձի հաշվով տրամադրվող աջակցությունը 3 միլիոն դրամից կդառնա 4 միլիոն դրամ։ Այս մասին «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ 3 միլիոն դրամ աջակցությունը կպահպանվի միայն Երևանի համար։ Նա նաև ընդգծեց, որ փոփոխությունը կունենա հետադարձ ուժ և ովքեր արդեն 3 միլիոնի շահառու են, այս որոշման ընդունումից հետո նրանց աջակցությունը կավելացվի, այսինքն՝ բոլոր դեպքերում հավասարությունը կապահովվի։
Փաշինյանը նշեց, որ համապատասխան որոշումը կընդունվի առաջիկա 1-2 ամսվա ընթացքում։
Հիշեցնենք, որ բնակարանային ապահովման ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի հունիսին։ Գործող կարգավորմամբ՝ 242 բնակավայրերում տուն ձեռք բերելու դեպքում մեկ անձի հաշվով տրամադրվում է 5 միլիոն դրամ, 142 բնակավայրում՝ 4 միլիոն դրամ, իսկ մյուս բնակավայրերում, այդ թվում՝ Երևանում (բացառությամբ 1-ին և 2-րդ գոտիների), աջակցությունը կազմել է 3 միլիոն դրամ։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից բռնի տեղահանվել է 115,365 մարդ, որոնցից շուրջ 30,000-ը ստացել են ՀՀ քաղաքացիություն։

