
Հայաստանում կրկին բռնցքամարտի երեկո տեղի կունենա, որտեղ հայ բռնցքամարտիկները պրոֆեսիոնալ ռինգ դուրս կգան
Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի ներկայացուցիչները կրկին հանդես կգան պրոֆեսիոնալ ռինգում:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և IBA-ի` Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի համագործակցության արդյունքում հունվարի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 2-րդ անգամ տեղի կունենա «Չեմպիոնների երեկո-IBA» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն։ Այդ երեկոյի ընթացքում ռինգ դուրս կգան նաև հայ բռնցքամարտիկները։
Օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ Չալոյանը գերծանր քաշային կարգի IBA-ի «Ուժեղագույն ընտրանու» 1/4 եզրափակչի շրջանակում կմրցի կուբացի Լենիեր Պերոյի հետ։ Պրոֆեսիոնալ մենամարտեր կանցկացնեն նաև Նարեկ Մանասյանը, Արթուր Բազեյանը, Արարատ Հարությունյանը, Գուրգեն Մադոյանն ու Կարեն Տոնականյանը։
Երեկոյի գլխավոր մենամարտում կխաղարկվի նաև WBA Ասիայի չեմպիոնական գոտին, որի ժամանակ կմրցեն Ռուսաստանը ներկայացնող Պավել Սոսուլինն ու Ֆիլիպինցի Կառլո Բակարոն։
Հայաստանում «Չեմպիոնների երեկո-IBA» պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին երեկոն տեղի ունեցավ 2024 թվականի հոկտեմբերին։ Այդ ժամանակ պրոֆեսիոնալ ռինգում իրենց նորամուտը նշեցին Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ Արթուր Բազեյանը (2022թ.), Բարեղամ Հարությունյանը (2024թ.), Ռաֆայել Հովհաննիսյանը (2022թ.) և աշխարհի գավաթի փոխչեմպիոն, օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ Չալոյանը (2024թ.):
Նշենք, որ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը այս տարի տեղի կունենա Հայաստանում։ 2024 թվականին հայ մարզիկները այդ մրցաշարից վերադարձան 5 մեդալով։