
Հայաստանի Պրեմիեր լիգայի ձևաչափում փոփոխություններ կարող են լինել
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկում է Հայաստանի Պրեմիեր լիգայի անցկացման ձևաչափում կատարել փոփոխություններ։ Ֆեդերացիան Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխության երկու տարբերակ է առաջարկում։ Փոփոխությունները կվերաբերեն ինչպես հայտագրված հայ ֆուտբոլիստների քանակին, այնպես էլ մրցավարությանը, ԲԿՄԱ-ի հետագա գործունեությանը և այլն։
Առաջին տարբերակով ֆեդերացիան առաջարկում է 2026/27 մրցաշրջանից սկսած ու դրան հաջորդող 2 մրցաշրջանների համար Պրեմիեր լիգային մասնակցող թիմերի քանակը նվազեցնել՝ հասցնելով 8 թիմի (այժմ հանդես են գալիս 11 թիմեր)։ Այս դեպքում կայանում է 4 շրջան․ թիմերը իրար հետ մրցում են 4 անգամ՝ մեկական խաղ տանը և դրսում, տուրերի քանակը՝ 28։ Հանդիպումները կայանում են հիմնականում ուրբաթ, շաբաթ, կիրակի, կամ՝ շաբաթ, կիրակի, երկուշաբթի օրերին (գավաթային հանդիպումները՝ չորեքշաբթի և հինգշաբթի), խաղերի սկիզբը՝ արհեստական լուսավորությամբ ստադիոններում ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի վերջ՝ 18:00 -ից 20:30-ն ընկած միջակայքում, իսկ նոյեմբերից մինչև մարտի վերջ՝ 16:00-19:00-ի միջակայքում, արհեստական լուսավորություն չունեցող ստադիոններում նշված ժամերից 2 -3 ժամ շուտ՝ կախված եղանակային պայմաններից:
Պրեմիեր լիգայի խաղերին արձանագրությունում ընգրկված 23 ֆուտբոլիստներից 11-ը պետք է լինեն Հայաստանում մարզված կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ: Խաղադաշտում միաժամանակ պետք է լինեն վերոնշյալ չափանիշներին համապատասխան առնվազն 5 ֆուտբոլիստներ։ Մրցաշրջանի արդյունքներով վերջին՝ 8-րդ տեղը զբաղեցրած թիմը տեղափոխվում է առաջին խումբ, իսկ նրա տեղը զբաղեցնում է առաջին խմբի հաղթողը: Պրեմիեր լիգայում նախավերջին տեղը գրաված թիմը անցումային 2 հանդիպում է անցկացնում Առաջին խմբում 2-րդ տեղը գրաված թիմի հետ:
Երկրորդ տարբերակով 2026/27 մրցաշրջանից սկսած՝ Պրեմիեր լիգայում հանդես կգան առավելագույնը 10 թիմ։ 2025-2026 մրցաշրջանի ավարտից հետո 1-9-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կպահպանեն իրենց տեղը, նրանց կմիանա նաև Առաջին խմբի չեմպիոնը։
2026/27 մրցաշրջանում ԲԿՄԱ-ն պետք է դառնա պրոֆեսիոնալ ակումբ և չլինի ՀՖՖ կազմում։ Պետք է մյուս թիմերի նման անցնի լիցենզավորման գործընթաց: Հակառակ դեպքերում՝ ԲԿՄԱ-ն տեղափոխվում է կամ Առաջին լիգա, կամ հանդես է գալիս Պրեմիեր լիգայում՝ հաշվարկից դուրս: Այս դեպքում նման համաձայնություն պետք է տան Պրեմիեր լիգայի մասնակից բոլոր թիմերը, իսկ ԲԿՄԱ-ի հետ խաղերում միավորներ չեն խաղարկվելու:
Առաջարկվում է Պրեմիեր լիգայի մրցաշարն անցկացնել աշուն-գարուն ձևաչափով։ Այդ համակարգով խաղում են եվրոպական գրեթե բոլոր առաջատար երկրները՝ Անգլիան, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան և այլն, ինչպես նաև մեր հարևան երկրները՝ բացառությամբ Վրաստանի:
Ֆեդերացիան Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի ակումբներին առաջարկում է քննարկել նոր ձևաչափերը և առաջարկությունները ներկայացնել մինչև փետրվարի 20-ը, որից հետո կամփոփվի քննարկումը։