ՀայաստանՍպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեք ամսից ավելի է՝ չունի գլխավոր մարզիչ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերին՝ Ալեքսանդր Պետրակովի հեռացումից հետո, գլխավոր մարզիչ չունի։ Ֆուտբոլի ֆեդերացիան նոյեմբերին հայտարարել էր, որ նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա մինչև հունվարի վերջ, սակայն դեռ որևէ մարզչի թեկնածության մասին քննարկումներ հայտնի չեն դարձել։

Դեկտեմբերին Fast հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հայտարարել էր, որ ֆեդերացիան հայ մարզիչների չի դիտարկելու գլխավոր մարզչի պաշտոնում։ Հարցազրույցում Նիկողոսյանը նշել էր Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող, իսպանացի Ռաուլին, ով այժմ մարզում է մադրիդյան ակումբի երիտասարդական ակումբներից մեկը։

Ֆուտբոլի ֆեդերացիան հունվարի 31-ին հաղորդագրություն է տարածել՝ կապված ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնի հնարավոր թեկնածուների հետ: Նշվում է, որ ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները մի քանի թեկնածուների հետ, թեկնածուներից յուրաքանչյուրի հետ ընթանում են անհատական բանակցություններ և հարցազրույցներ, որոնցով պայմանավորված՝ գլխավոր մարզչի վերջնական ընտրությունը ձգձգվում է։ 

Նշենք, որ երեկ FAF-ը հայտարարություն էր տարածել՝ կրկին բողոք հայտնելով ՀՖՖ ղեկավարությունից։ Երկրպագուները չեն կարողանում գնել ֆուտզալի ազգային ընտրանու առաջիկա խաղի տոմսերը: Նրանք նշում են, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ, փորձում է որդեգրել մի ճանապարհ, որը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականը պետք է մնա առանց երկրպագուների և խաղա դատարկ կամ կիսադատարկ տրիբունաների ներքո։