ՀայաստանՍպորտ

Նախատեսվում է նպաստ տալ 2028 թվականի Օլիմպիական խաղերի մասնակիցներին ու նրանց մարզիչներին

Հայաստանի կառավարությունը նախատեսում է հաստատել նոր կարգ, որով պետական աջակցություն կտրամադրվի «Լոս Անջելես 2028» Օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին, նրանց անձնական ու հավաքականների մարզիչներին, ինչպես նաև բժշկական անձնակազմին։

Ըստ նախագծի՝ աջակցությունը կտրվի 2026 թվականի հունվարից մինչև 2028 թվականի օգոստոսը՝ հիմնվելով մարզիկների և մարզիչների արձանագրած մրցութային արդյունքների վրա։ Այս համակարգի նախադեպը Փարիզ 2024 Օլիմպիական խաղերին նախապատրաստման փորձն է, որի ընթացքում Հայաստանի մարզիկները նվաճեցին երեք արծաթե և մեկ բրոնզե մեդալ։

Ծրագիրը համահունչ է Հայաստանի կառավարության ռազմավարությանը, որի նպատակներից է միջազգային սպորտային նվաճումների խթանումը և 25 օլիմպիական ոսկե մեդալի նվաճումը։ Նախատեսվում է, որ նոր ծրագրի տարեկան ծախսը կկազմի շուրջ 292.2 միլիոն դրամ, սակայն պետական բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենա։

Եթե նախագիծն ընդունվի, այն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։