ՀայաստանՍպորտ

Հայաստանի երկու ներկայացուցիչ դուրս են եկել ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ

Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչ դուրս են եկել հունահռոմեական ըմբշամարտի եզրափակիչ փուլ։ Ոսկե մեդալի համար կպայքարեն 77 կգ քաշային Մալխաս Ամոյանն ու 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը։

Վերջինս կիսաեզրափակչում 8:0 հաշվով գերվստահ հաղթանակ է տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Անդրիյ Սեմենչուկի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ: Ոսկե մեդալի համար գոտեմարտում Ասլանյանը կմրցի թուրք Կերեմ Քեմալի հետ:

Ամոյանը 1/8 եզրափակչում 9:0 հաշվով առավելության է հասել Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուշ Բեռնատեկի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 7-2 հաշվով հաղթել է Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սոլովեյին: Կիսաեզրափակչում Մալխաս Ամոյանը մրցել է Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ Հայկ Մնացականյանի հետ և 5:1 հաշվով հաղթանակ տարել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը և 87 կգ քաշային Կարեն Խաչատրյանը, կպայքարեն բրոնզե մեդալի համար։ Մեդալային գոտեմարտերը կկայանան ապրիլի 11-ին։